Երեխայի իրավունքները

Երեխայի իրավունքները

Հոդված 5.Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6.Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7.Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8.Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9.Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11.Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12.Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13.Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14.Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15.Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16.Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17.Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18.Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19.Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20.Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21.Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22.Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23.Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Leave a comment