
Երկրաշարժեր
Երկրաշարժը երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքն է: Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի՝ բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի՝ կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր:
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Աղետները ունենում են անկանխատեսելի վատ ազդեցություններ բնական միջավայրի վրա: Դրանք հանգեցնում են ավերածությունների և մարդկային կորուստների: Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի (1988թ.դեկտեմբերի 8) հետևանքով տուժել է 21 քաղաք և շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթևան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում` 4 հազար։
Իմ կարծիքով, բնական աղետների դեմ մենք չենք կարող լիարժեք պայքարել, փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, շատ հաճախ մարդկանց խուճապի են մատնում, թե երկրաշարժ է լինելու, բայց իրական երկրաշարժները լինում են ավելի անսպասելի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել հնարավորինս քիչ տուժելու համար: Օրինակ` շատ կարևոր է, որ բոլորը՝ առանցտարիքային սահմանափակումների իմանան պաշտպանվել երկրաշարժերից: Անհրաժեշտ է խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ: Բացառել վերելակի օգտագործումը:
Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
Մյուս քայլը, որ պետք է արվի աղետների ժամանակ հնարավորինս քիչ տուժելու համար դա շենքերի ապահովագրումն է հատուկ զսպանակների միջոցով, վթարային շենքերի վերացումն ու նոր շենքերի առավել սեյսմակայուն կառուցումը:
Վերջում կցանկանայի ներկայացնել մինչ այժմ տեղի ունեցած երկրաշարժերի ցանկը, որի մասին մենք քիչ թե շատ ունենք տեղեկություններ: Նշեմ նաև, որ մենք չենք կարող տեղյակ լինել կատարվող բոլոր րկրաշարժներից, քանի որ ԱՄՆ-ի աշխարհագրական հետազոտությունից պարզ դարձավ, որ ամեն տարի լինում է երեք միլիոն երկրաշարժ: Սա նույնն է, ինչ 8,000 ցնցում ամեն օր և մի երկրաշարժ ամեն 11-րդ վայրկյանը մեկ: Միայն Կալիֆոռնիայի տարածքում երկրաշարժ կարող է լինել տարեկան 10,000 անգամ:
1556 հունվարի 23 — Գանսյու և Շանսի, Չինաստան — Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել:
1692 – Ճամայկա – Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է:
1737 — Կալկութա, Հնդկաստան — 300 000 մարդ է զոհվել:
1755 — Լիսաբոն — 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է:
1783 — Կոլաբրիա, Իտալիա – 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել:
1811 — Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ – քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ:
1896 — Սանրիկու, Ճապոնիա – էպիկենտրոնը ծովում էր: Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել:
1897 — Ասսամ, Հնդկաստան – 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է:
1906 — Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել:
1908 — Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է:
1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) – Վերնիյ (մինչև 1921 – Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ:
1920 — Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել:
1923 — Կանտոյի մեծ երկրաշարժ — Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) — 143 000 մարդ է զոհվել:, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1939 — Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել:
1948 — Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, — 110 000 մարդ է զոհվել:
1949 — Էկվադոր 10 000 մարդ է զոհվել:
1950 — Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել:
1960 — Ագադիր, Մարոկո 12 000 – 15 000 մարդ է զոհվել:
1960 — Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները:
1963 — Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է:
1964 — Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել:
1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել:
1970 — Պերու 63 000 մարդ է զոհվել:, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1976 — Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1976 հուլիսի 28 — Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 655 000 մարդ է զոհվել:
1981 — Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը:
1985 — Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 7 500 մարդ է զոհվել:
1988 դեկտեմբերի 7— Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ): Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ:
1995 մայիսի 28 — Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել:
Սիչուանի երկրաշարժը (2008) – երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ:
2010 հունվարի 12 — Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
2011 մարտի 11 – Ճապոնիայի երկրաշարժ (2011),Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել:











