Աղասի Այվազյան

Աղասի Այվազյան

Ստորև կմեջբերեմ Աղասի Այվազյանի խոսքերից մեկը և կփորձեմ տալ իմ մեկնաբանությունը:

«Մեր ազգային կերպարի այժմյան խախտ ու խանգար շրջագծերի միջից մշտապես թեթևակի երևակվում է բնազանցական մի նկարագիր՝ մեծ հայի նկարագիրը՝ ազնվատոհմ ու ազատաբարո, մեր խորքային իմաստն ու հիմքը, որը մեզ պահել ու պահպանել է և բերել մինչև այսօր։ Այլապես ինչո՞ւ կանք հիմա: Այլապես ինչո՞ւ ենք անցել այս դժվարին ու երկար ճանապարհը։ Եվ որտեղի՞ց է այն դժգոհությունը, որ ունենք ինքներս մեր նկատմամբ, այդ ո՞ր վեհանձն բնույթն է և սուր աչքը, որ ամեն քայլափոխի տեսնում է ինքն իրեն և սրտմտում։ Դա այն մետաֆիզիկական ազգային գերակայությունն է, որ մեծ սևեռում է պահանջում իր ներկայությունը տեսանելի դարձնելու համար։ Նա, թերևս, լավագույնն է այս աշխարհում, ուր սկզբնաչարը փշրել է նրա ամբողջությունը, դիվալլուկ ժամանակների մրամութն ու ժանգառքը կոլոլել են նրա փշուրները: Գուցե, մեր դժգոհությունը նրա կերպարը հավաքելու տառապանքից ու ձգտումի՞ց է։ «Սիրի՛ր ինքդ քեզ, փշո՛ւր,- երբեմն ասում է նա,- և դու կսիրես ամբողջությունը քո»։

Ըստ իս , տողերը` հայ ազգի և մարդկային անհատականությունների մասին են: Հեղինակը ցանկանում է փոխանցել այն միտքը, որ որքան էլ հայ ազգի ճամփան քարքարոտ է եղել և արնահեղեղ , միևնույնն է ` մենք նույնն ենք մնացել: Խոհուն, ազնվատոհմ ու ազատաբարո ահա «Հայ» հասկացողությունը: Մեզ պահել, պահպանել և ուժ են տվել մեր վաղեմի հիմքերը:

Մեր քննադատն ու դատավորը` մենք ենք: Այո՛, մենք ենք կրծոտում մեր հոգին, անվերջ դժգոհելով և բողոքելով: Գուցե այս ամենի հիմքում մեր դարերից եկած ձգտումն է:

Անկախ ամեն ինչից` ցանկացած ոք, պետք է սիրի իրեն էնպես, ինչպես որ կա: Երբեմն պարտված, երբեմն հաղթած, երբեմն կործանման եզրին կամ վերելքում կանգնած: Ահա ինքդ քեզ սիրելու արվեստը:

Leave a comment