
Աղբերիկի վանքը հայտնի է որպես Աղբրիկ, Աղբերկա, Աղբյուրիկի կամ Վանդիր վանք (մենաստան և ուխտատեղի Տուրուբերանի Խութ գավառում): Գտնվում է Մշո դաշտի հվ. մասում, Բռնաշեն ավանի մոտ: Վանքը գտնվում է Սասունի Խութ գավառակում: Վանքի անունը ծագել է դրա տարածքում բխող աղբյուրից, որին բուժիչ հատկություններ էին վերագրում։ Ըստ ավանդության վանքը հիմնադրվել էր 1-ին դարում , Սբ. Թադեոս Առաքյալի կողմից, ում անունով էլ աղբյուրը հայտնի էր որպէս` Սբ. Թադեի ։ Աղբյուրի մեջ թաթախել են Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ օգտագրոծված գամերից մեկը, այդ դեպքից հետո աղբյուրը ձեռք է բերել կախարդական հատկություններ: Ուխտավորները աղբյուրը կոչում էին «սրբաջուր»` մեղք համարելով հավաքված ջրից անգամ մեկ կաթիլ թափել գետնին:
Վանքի մայր տաճարի շենքը կառուցվել էր, հավանաբար 9-ից 10-րդ դարերում։ Վանքը բաղկացած էր մատուռից, գավթից և իրար հետ հաղորդակցվող մի քանի եկեղեցի–վկայարաններից (Ս. Աստվածածին, Ս. Փրկիչ, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս և այլն)։ Ուշ միջնադարում վանքը պարսպապատվել էր։
Վկայություն կա, որ 18-րդ դարի կեսերին, այն ծառայել է որպես ապաստարան` ապստամբ սասունցիների համար: Հենց այս պատճառով էլ , վանքը կողոպտվել է տեղի թուրք բեյի կողմից: 19-րդ դարում վանքը եղել է նաև դպրոց:

Ժամանակակիցները նկարագրում էին վանքի շինվածքը որպես «բերդանման», գլխավոր եկեղեցին` «գեղեցկակերտ» ։ 20-րդ դարի սկզբներին վանքին վերաբերվող նկարագրություններից մեկում կարդում ենք. «Աններդաշնակ և նախնական կառուցվածք է Աղբերիկի վանքը, ցածր ու մութ, խոնավ, խորհրդավոր և առաջին այցելությամբ` ահարկու։ Բացի սպիտակ և հայկական ճարտարապետության ոճից, դասական ոճը ներկայացնող գմբեթից, որը վեհորեն հառնում է վանքի վրա, մենաստանը չունի որևէ արտաքին տեսք կամ նյութական գրավչություն։ Բուն մատուռը և տաճարների շարքերը ունեն ճիշտ միևնույն մակերեսն, ինչպես վանականների խցերն ու ուխտավորներին պատկանող 70-ի չափ սենյակները, որոնց մեծ մասը այժմ խարխլված և անբնակելի դարձած է։ Մատուռի գլխավոր դուռը բացվում է վանքի քառակուսի գավիթի ուղղությամբ։ Մուտքի շեմք կազմող քարը կարծր որձաքարի կոպտորեն հղկված մի քառակուսի է։ Դուռը շինված է ամուր փայտից, հավանաբար եբբենոսից։ Փոքրիկ ու ցածր է դուռը։ Գմբեթի ապակու նեղ պատուհաններից դուրս թափանցող լույսը հազիվ է լուսավորում տաճարների կենտրոնական խորանը և մատուռի առաջամասը։ Թևերն ու մուտքի մասը թաղված են հավիտենական մթության մեջ։ Երկու թևերը կազմված են երկու շարք կոշտորեն կոփված քարե սյուներով, որոնք խառնիխուռն առաջանում են մինչև տաճարների երկու շարքը» ։
Վանքում էր պահվում Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի կտոր, որը հայտնի էր որպես` «Գործել–Յարոյց»:
1899 վանքը ենթարկվել է քրդերի հարձակման, որի արդյունքում սպանվել է վանահայրը` Ղազար վարդապետը։ 1908–ին քրդերի հարձակման զոհ է դարձել վանքի հաջորդ վանահայր` Զաքարիա վարդապետ Ավտալյանը ։ 1914-ին վանահայրը Խաչատուր վարդապետն էր, ով դպրոցի աշակերտների և միաբանության անդամների հետ զոհվել է Մեծ եղեռնի ընթացքում։
Վանքը գործում է մինչ այսօր, այն գտվում է`ամայի և կիսակործան վիճակում:
Աղբյուրներ`
- Ոսկյան Հ., Տարոն-Տուրուբերանի վանքերը, Վնն., 1953, էջ 10-21: