(Նախագծային աշխատնք)
Այն, որ քաղաքականություն իրականցվում է ոչ միայն հասարակության ներսում, այլև նրա սահմաններից դուրս, ժողովուրդը հասկանում էր դեռևս հնագույն ժամանակներում՝ սկսած Հին Հունաստանում քաղաքպետությունների միջև պատերազմներից և հակամարտություններից։ Սակայն միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգն առաջացել է միայն 16-17-րդ դդ. կենտրոնացված պետությունների ձևավորման ժամանակ։ Այս գործընթացն իր արտահայտությունն է գտնել Վեստֆալյան հաշտության համաձայնագրում (1648), որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին, և որի համաձայն՝ եվրոպական տերություններն առաջին անգամ պաշտոնապես հռչակեցին պետական ինքնիշխանության սկզբունքը։
19-րդ դ. վերջում իմպերիալիզմը և Աֆրիկայում ու Ասիայում «հանուն գաղութների» եվրոպական պայքարը միջազգային համակարգին տվեցին իսկապես համաշխարհային բնույթ։ 20-րդ դարը համաշխարհային քաղաքականության ձևավորման կարևորագույն փուլն էր այն առումով, որ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև հակամարտության ու համագործակցության հարաբերությունը տարածվեց ամբողջ աշխարհում։ Առավել դրամատիկ դրսևորում այն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918), Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) և «Սառը պատերազմի» ժամանակահատվածներում։ 20-րդ դարի ավարտին պարզ դարձավ, որ փոխվել են քաղաքական կյանքի հիմքերը։ Առաջացավ քաղաքականությունը ներքին և արտաքին ասպեկտների բաժանելու խնդիր։
Միջազգային ասպարեզում աստիճանաբար ստեղծվում և զարգանում էին պետությունների համագործակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են՝ դաշնակցային հարաբերությունները և հակամարտությունը, պրոտեկտորատը (հովանավորչություն) և համագործակցությունը և այլն, որոնք ձևավորում էին որոշակի միջպետական կապերի և հարաբերությունների ինքնուրույն տրամաբանություն։ Վերջիններիս երկարատև պատմական զարգացման ընթացքում՝ ձևավորվեց միջազգային քաղաքականության՝ որպես քաղաքականության ինքնուրույն ուղղության ոլորտը։
Այս և այլ միտումների վերլուծության համար պետք է նախ պարզաբանել բոլոր այն մոտեցումները, դիրքորոշումները, որոնց միջոցով, ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է միջազգային և համաշխարհային քաղաքականությունը։ Այս ոլորտում առանձնացնում են հետևյալ հիմնական
«դպրոցները»՝
- իդեալիզմ,
- ռեալիզմ,
- պլյուրալիզմ,
- մարքսիզմ։
Իդեալիզմ։ Քաղաքական իդեալիզմի էությունն այն է, որ այն դիտարկում է միջազգային քաղաքականությունը բարոյական արժեքների և նորմերի տեսանկյունից և դրանց շրջանակներում։ Քաղաքական իդեալիզմին շատ քիչ են հետաքրքրում էմպիրիկ վերլուծությունները (այսինքն՝ կարևոր չէ, թե ինչպես են պետությունները, ըստ էության, իրականացնում իրենց քաղաքականությունը)։ Քաղաքական իդեալիզմն առավելապես կարևորում է նորմատիվային ասպեկտները (այսինքն, թե ինչպես պետք է պետություններն իրականացնեն իրենց քաղաքականությունը)։ Այդ իսկ պատճառով՝ քաղաքական իդեալիզմը երբեմն դիտարկվում է որպես ուտոպիզմի ենթատեսակ։
Ուժերի հավասարակշռության փոխարեն՝ իդեալիստները առաջարկում են միջպետական հարաբերությունների կարգավորման մեկ այլ մեխանիզմ, այն է՝ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմը։ Այս գաղափարը հիմնված էր այն ենթադրության վրա, որ բոլոր պետություններն էլ ունեն համանման նպատակներ՝ խաղաղություն և համընդհանուր անվտանգություն, քանի որ ուժային հավասարակշռության անկայունությունը հանգեցնում է ռեսուրսների անիմաստ վատնմանը։ Նույնիսկ մեկ պետության ագրեսիան մեկ այլ պետության նկատմամբ վնասում է բոլորին:
Պատմության ընթացքում մշակվել են իդեալիստական քաղաքականության բազմաթիվ տեսություններ։ Նախ՝ պատերազմ պետք է հայտարարի լիիշխան տիրակալը։ Երկրորդ՝ պատերազմի առաջնային նպատակը պետք է լինի կատարված անարդարության շտկումը։ Երրորդ՝ պատերազմի ընթացքում չպետք է տուրք տալ դաժանության ու ագահության կրքերին, այլ պետք է պահպանել բարությունը և խուսափել չարից։ Հետագայում Իմանուիլ Կանտն առաջ քաշեց համաշխարհային կառավարություն ստեղծելու նման մի ծրագիր։ Նրա կարծիքով՝ բարոյականությունն ու բանականությունը միաժամանակ մարդուն հիշեցնում են, որ պատերազմ չպետք է լինի, իսկ ապագայում մարդկությանը վիճակված է գալու «ունիվերսալ և հավերժական խաղաղության» գաղափարին։
Իդեալիզմի ամենաազդեցիկ ձևերից մեկը դարձավ լիբերալիզմը։ Չնայած այն բանին, որ ազատականները (լիբերալները) ավանդաբար պետությունը դիտարկում են որպես հասարակության քաղաքական կազմակերպման հիմնական միավոր, ճիշտ նույն կերպ, նրանց համար կարևոր է եղել պետությունների փոխկապակցվածությունը և ազատ առևտուրը. պատերազմը, նրանց կարծիքով, «չի կարող արդարացված լինել»: Այս տիպի ինտերնացիոնալիզմում կարևորվում են նաև հավաքական անվտանգության գաղափարը և միջազգային իրավունքի սկզբունքը, որոնք ամրագրված են այնպիսի կազմակերպությունների կանոնադրություններում, որոնցից է՝ ՄԱԿ-ը։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պնդում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմը ևս արդյունք է բազմազգ կայսրությունների վարած միլիտարիզմի և էքսպանսիոնիզմի «հին քաղաքականության». պատերազմների դեմ լավագույն հակաթույնը կարող է լինել աշխարհում ժողովրդավարական ազգային պետությունների կառուցումը, որոնք ի վիճակի կլինեն համագործակցել փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում և հետաքրքրված չեն լինի պատերազմներով ու թալանով:
Նեոիդեալիզմը գերտերությունների դարաշրջանի անբարո ուժային քաղաքականության արձագանքն էր։ Նեոիդեալիզմի գաղափարներն արտացոլվեցին նաև «միջազգային հանրություն» հասկացության մեջ, որի առաջացումը, սովորաբար, կապում են հայտնի ավստրալացի դիվանագետ և գիտնական Ջոն Բերտոնի (1972) անվան հետ:
Ռեալիզմ։ Ռեալիստական ավանդույթը, որը երբեմն անվանում են նաև քաղաքական ռեալիզմ, միանգամայն կարելի է համարել միջազգային քաղաքականության ամենահին տեսությունը։
Քաղաքական ռեալիզմի նշանավոր դեմքերից կարելի է համարել Սուն Ցզիին («Պատերազմի արվեստը»), Նիկոլո Մաքիավելիին և Թոմաս Հոբսին։ Սակայն քաղաքական ռեալիզմի վերլուծության գերիշխող հարացույցը ձևավորվեց միայն 20-րդ դարում՝ երկու համաշխարհային պատերազմներից հետո և դրանց արդյունքում: Քաղաքական ռեալիզմի կենտրոնական դիրքորոշումն այն է, որ պետությունը միջազգային ասպարեզում հիմնական դերակատարն է, և, լինելով ինքնիշխան, պետությունը կարող է գործել անկախ, նույնիսկ ավելին` ազգայնականության բարձրացմանը և ժամանակակից ազգ-պետությունների ձևավորմանը համընթաց` պետությունը դարձել է սերտ կապերով միահյուսված քաղաքական հանրույթ կամ համայնք, որտեղ ամեն ինչ պետք է ստորադասել ազգի շահերին:
Ռեալիզմի առաջատար տեսաբաններից Է. Կարրը (1939) և Հանս Մորգենթաուն (1948) քննադատում էին մասնավորապես իդեալիզմի հավատը ինտերնացիոնալիզմի և միջազգային հարաբերություններում բնական ներդաշնակության նկատմամբ: Քանի որ ըստ ռեալիստների՝ աշխարհում չկա առավել բարձրագույն իշխանություն, քան ինքնիշխան պետության իշխանությունն է, միջազգային քաղաքականությունն իրականացվում է «բնության օրենքներով», անարխիայի օրենքներով, և ոչ՝ ներդաշնակության։ Միջազգային համակարգում անարխիայի դրսևորումները պայմանավորված են այն հանգամանքով, որ յուրաքանչյուր պետություն մտածում է միայն իր ազգային շահերի մասին, առաջին հերթին՝ հատկապես իր գոյատևման և սեփական սահմանների պաշտպանության մասին։ Այստեղ առավելապես կարևորվում է անվտանգության ապահովման հարցը, քանի որ միջազգային հարաբերություններում բարձրագույն դատավորի բացակայության պայմաններում յուրաքանչյուր պետություն ստիպված է առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացնել պաշտպանության և անվտանգության խնդիրների վրա։ Հետևաբար` յուրաքանչյուր պետություն, մրցակցելով այլ պետության կամ պետությունների հետ, ձգտում է ստեղծել ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը մրցակցության և ուժի հակադրության պայմաններում հանդես կգա որպես զսպման մեխանիզմ, որի պայմաններում պետությունը կկարողանա ձեռք բերել գերազանցություն այլ պետության նկատմամբ՝ այդպիսով երաշխավորելով իր անվտանգությունը։
Այնուամենայնիվ՝ ռեալիզմը և նեոռեալիզմը ևս ենթարկվեցին հետագա քննադատության։ Նրանց հիմնականում քննադատում էին այն հարցում, որ, առանձնացնելով քաղաքականությունը էթիկայից, այդ տեսությունները դրանով էականորեն արդարացնում են ինչպես ռազմական էքսպանսիան, այնպես էլ՝ գերտերությունների հեգեմոն ձգտումները։ Քննադատները նաև կարծում էին, որ ուժի քաղաքականությունը ոչ թե ապահովեց խաղաղություն, այլ ամբողջ մոլորակը կանգնեցրեց միջուկային աղետի եզրին։
Ռեալիզմի նկատմամբ քննադատական մոտեցումներն առավելապես սրվեցին սկսած 20-րդ դարի վերջից։ Քննադատությունը հետևյալում էր. ռեալիզմը, որպես համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատար դիտարկելով պետությանը, չնկատեց միջազգային հարաբերություններում ձևավորվող պլյուրալիստական միտումները։
Պլյուրալիզմ։ Ավանդական իմաստով պլյուրալիզմը սոցիալ-քաղաքական հայեցակարգ է, որն ընդգծում է այնպիսի գործոնի կարևորությունը, ինչպիսին է՝ տարբեր մրցակցող կառույցների կամ խմբերի միջև ուժի և իշխանության ապակենտրոնացումը։ Որպես միջազգային հարաբերությունների հայեցակարգ՝ պլյուրալիզմը, ընդգծելով պետությունների «թափանցելիության» հանգամանքը, հանդես եկավ որպես այլընտրանք «պետականակենտրոն» այն մոդելին, որը որդեգրել էր ռեալիզմը։ Ռեալիզմի՝ իր բոլոր թերություններով հանդերձ լուսաբանման համար հիմք կարող է ծառայել Ջոն Բերտոնի՝ «բիլիարդի սեղանի» վերաբերյալ հայտնի դատողությունը: Հենց այս տեսքով, ինչպես բիլիարդի գնդերը սեղանի վրա, որոնք կատարելապես կոշտ օբյեկտներ են և բախվում են իրար՝ այդպիսով շարժում հաղորդելով միմյանց, այսպիսին է ռեալիզմը պատկերացնում համաշխարհային քաղաքականությունը։ Պլյուրալիտների համոզմամբ՝ դա բացարձակապես սխալ է, քանզի այստեղ իսպառ բացակայում են վերազգային դերակատարները, ինչպիսիք են՝ վերազգային կորպորացիաները և ոչ կառավարական կազմակերպությունները, և այստեղ բացակայում է պետությունների փոխկապակցվածության հասկացությունը, հատկապես տնտեսական ոլորտում։ Այս պատճառով պլյուրալիզմն առաջարկում է «տարբեր դերակատարների մոդելը», որտեղ ազգային կառավարությունների դերի պատշաճ գիտակցմանը զուգահեռ՝ միաժամանակ ընդգծվում է, որ այսօր միջազգային հարաբերությունները ձևավորվում են տարբեր գործոնների և շահերի խմբերի առավել լայն շրջանակների ազդեցության ներքո, քան նախկինում։
Եվ վերջում պետք է նշել, որ պլյուրալիզմը թույլ տվեց գիտակցել միջազգային հարաբերությունների այնպիսի միտումը, ինչպիսին է՝ ուժային քաղաքականությունից հրաժարումը։ Այս մոտեցման կողմնակիցները կարծում են, որ փոխկապակցված աշխարհում շարժումը դեպի համագործակցություն և ինտեգրում (սա առավելապես բնորոշ է Եվրոպային), ի վերջո, կարող է դառնալ համաշխարհային քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը։
Մարքսիզմ։ Միջազգային հարաբերությունների վերաբերյալ մարքսիստական մեթոդաբանությունը խստագույնս տարբերվում է մյուս հարացույցներից։ Այդ առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարքսիզմը մեծ ուշադրություն է դարձնում տնտեսական ուժի գործոնին և միջազգային կապիտալի գործունեությանը։ Չնայած Մարքսն առավելապես զբաղվում էր ազգային կապիտալիզմի կառույցների խնդրով և հատկապես բուրժուազիայի և պրոլետարիատի միջև թշնամական փոխհարաբերությունների խնդրով` նրա աշխատանքները վերաբերել են նաև միջազգային հարաբերություններին։ Բավական է միայն հիշել Մարքսի այն հայեցակարգը, ըստ որի՝ բանվոր դասակարգի համերաշխությունը ազգային սահմաններ չի ճանաչում: 1848 թ. Կոմունիստական կուսակ- ցության մանիֆեստն ավարտվեց հետևյալ կոչով՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միավորվե՛ք»։ Մինչ ազատական և ռեալիստական տեսությունները կարծում են, որ իշխանությունն աշխարհում կազմակերպվում է ուղղահայաց, ինչով էլ պայմանավորված աշխարհում պետությունների ներկայիս հիերարխիան, մարքսիզմն առաջ քաշեց իշխանության կազմակերպման հորիզոնական գաղափարը, որի հիմքը միջազգային դասն է։
Սակայն կապիտալիզմը, որպես համաշխարհային համակարգ, չէր ուսումնասիրվել բոլոր կողմերից, մինչև որ չհայտնվեց Լենինի «Իմպերիալիզմը՝ որպես կապիտալիզմի բարձրագույն աստիճան» (1917) գիրքը։ Լենինը փորձեց ապացուցել, որ կապիտալիզմի արտահանումն ազգային սահմաններից դուրս պայմանավորված է շահույթի ապահովման նպատակով կապիտալի արտահանմամբ, իսկ սա էլ, իր հերթին, կապիտալիստական պետությունների միջև բախում է առաջացնում, որի արդյունքում էլ հենց տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմը՝ իմպերիալիստական պատերազմը, քանի որ դա պատերազմ էր հանուն գաղութների նկատմամբ վերահսկողության Աֆրիկայում, Ասիայում և աշխարհի այլ մասերում։
Համաձայն նեոմարքսիզմի՝ այս համակարգի հիմնական առանձնահատկությունը բազմազգ կորպորացիաների ցանցերի տեսքով միջազգային մակարդակում դասային շահերի կազմակերպումն է։ Ենթադրվում է, որ կորպորացիանները ոչ միայն պարզապես դուրս մղեցին ինքնիշխան պետություններին համաշխարհային քաղաքականության ասպարեզից, այլև այդ կորպորացիաները, ինչպես ինքնիշխան պետություններն ու միջազգային կազմակերպությունները կենսագործում են համաշխարհային կապիտալիզմի երկարաժամկետ շահերը սպասարկող համակարգի շրջանակներում։ Ըստ նեոմարքսիզմի՝ արտադրության այս գլոբալ համակարգն ունի խիստ կանոնակարգված բնույթ. այստեղ աշխարհը բաժանված է «կենտրոնի» և «ծայրամասի»։ «Կենտրոնը», իսկ դա ոչ այլ ինչ է, քան զարգացած Արևմուտքը, պահպանում է իր զարգացման բարձր մակարդակը տեխնոլոգիական նորարարությունների և բարձր մակարդակով համակարգված ներդրումների միջոցով։ Իսկ «ծայրամասը»՝ թույլ զարգացած Հարավը, ծառայում է որպես էժան աշխատուժի և հումքի աղբյուր։ Այս գլոբալ անհավասարությունն իր արտացոլում ունի նաև պետության ներսում, արդեն ազգային տնտեսությունների մակարդակով, որտեղ մարզային «կենտրոնները» ինտեգրված են համաշխարհային տնտեսությանը, իսկ ծայրամասային շրջանները հազիվ պահպանում են իրենց թշվառ գոյությունը։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Շիրինյան Լ. Նոր աշխարհակարգը և Հայաստանը (երկրաքաղաքական քաղաքակրթական ակնարկ): Եր., 2006, 208 էջ:
2. Антология мировой политической мысли. Т. 2. Зарубежная политическая мысль. XX век М., 1997, 831с.
3. Лебедева М. Мировая политика, М., 2007, 365 с.
4. Мухаев Р. Политология. Учебник для студентов юридических и гуманитарных факультетов. М., ПРИОР, 2000, 400 с.
5. Соловьев А. Политология. Политическая теория, политические технологии: Учебник для студентов вузов. М., Аспект Пресс, 2000, 559 с.