Իտալիա

Իտալիա

Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana), ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ): 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ: 

Ներկայումս Իտալիայի տնտեսությունն իր մեծությամբ երրորդն է Եվրագոտում և ութերորդը` աշխարհում: Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոսկու պահուստների ցուցանիշներով՝ երրորդը աշխարհում: Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում: Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է: Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն: Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ: Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում: Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում:

Leave a comment