
Կյանքը՝
Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում:
Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:
Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:։
Ազնավուրը մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության 60-ամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։
1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ 2008-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2004թ.: Պարգևատրվել է նաև Հայրենիքի շքանշանով:
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ՝ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։ Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:
Պարգևներ՝
- 1963, 1971 և 1980 թթ.՝ Էդինսոնի մրցանակ
- 1971 թ.՝ Ոսկե առյուծ պատվավոր մրցանակ «Mourir d’aimer» երգի իտալական տարբերակի համար
- 1995 թ.՝Ֆրանսիական ակադեմիայի մեծ մեդալ
- 1995 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան
- 1996 թ.՝ Երգահանների Փառքի սրահի մրցանակ
- 1997 թ.՝ Ֆրանսիական Victoire մրցանակ, տարվա տղամարդ արտիստ
- 1997 թ.՝ Պատվավոր Ցեսար մրցանակ
- 1989 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ ասպետի աստիճան
- 1997 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան
- 2001 թ.՝ Գյումրու պատվավոր քաղաքացի
- 2003 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ կոմանդորի աստիճան
- 1997 թ.՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշան՝ կոմանդորի աստիճան
- 2000 թ.՝ Ֆրանսիայի Վաստակի համար շքանշան՝ կոմանդորի աստիճան
- 2004 թ.՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում
- 2006 թ.՝ Պատվավոր մրցանակ Կահիրեի 30-րդ կինոփառատոնին
- 2008 թ.՝ Կանադայի շքանշան՝ պատվավոր սպայի աստիճան
- 2008 թ.՝ Հայաստանի քաղաքացիության շնորհում
- 2009 թ.՝ MIDEM. Կյանքի ընթացքում նվաճումների մրցանակ
- 2009 թ.՝ Արցախի Գրիգոր Լուսավորչի շքանշան
- 2009 թ.՝ Քվեբեկի ազգային շքանշան՝ սպայի աստիճան
- 2010 թ.՝ Ռուսաստանի Պատվո շքանշան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման համար
- 2014 թ.՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար
- 2017 թ.՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը
- 2018 թ.՝ Ճապոնիայի Ծագող արևի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով:
Հետաքրքիր փաստեր Ազնավուրի կյանքից
- Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։
- Իր տանը Ազնավուրը ցանկացել է ամեն սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։
- 80 սանտիմենտր բարձրություն ու մոտ 8 կգ քաշ ուներ Ազնավուրի ձայնագրությունների ամբողջությունը։
- 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։
- Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։
- 2000 թվականի նոյեմբերին 76-ամյա շանսոնյեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։
- Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։ 1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։
- Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։
- Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում նա միակ օտարերկրացին էր։
- 2009 թվականի մայիսի 5-ինց կատարում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
- 2017 թվականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նվիրված էր Ազնավուրի արվեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնյեի 12 երգերը։ Շնորհանդեսին ներկա էր անձամբ մաեստրոն։
- Աշխարհահռչակ շանսոնյեն արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավորի մասին», «Անցյալն ու ապագան , «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկա է» պատմվածների ժողովածուն։
- Շառլի ծնողները նրան Շահնուր անվանումն էին տվել, սակայն երբ նա նոր էր ծնվել օտարերկրացի բուժքույրը չմտաբերելով երեխայի անունը նրան որպես «Շառլ» է կնքում:
Մեջբերումներ Ազնավուրի հայտնի խոսքերից՝
«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»:
«Հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով»:
«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:
«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի»:
Ես միշտ էլ սիրել եմ Ազնավուրին և նրա արվեստը: Կարծում եմ որքան էլ պատմեմ նրա մասին, մեկ է քիչ կլինի: Ինձ համար նա եզակի կերպար է : Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:
Ազնավուրն ասել է . «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել»:
Ինչպես բոլորս, Մաեստրոն նույնպես ծնվել էր , որպեսզի մեռներ ,սակայն մինչ այդ նա ապրեց այնպիսի արժանավայել կերպով , որ նրա մասին դեռ կխոսեն հազարամյակներով:
Նա մշտապես ասում էր , որ եթե մարդը իր տեղը չթողնի, այն ոչ ոք չի զբաղեցնի: Այսօր նա թողել է իր տեղը, սակայն այլևս ոչ ոք այն զբաղեցնել չի կարող…